Էմմին, Միհրանն ու Ռազմիկը պարզելու հարցեր ունեին
Փետրվարի 10-ի երեկոյան Էմմին, Միհրանը, Միացյալ Նահանգներից ժամանած
պարողները եւ Ռազմիկ Ամյանը "Segafredo” սրճարանում "Եվրատեսիլ”-ի
հայաստանյան նախընտրական փուլի հետ կապված հարցեր էին պարզում: Բոլոր
հարցերին պատասխանում էր հայաստանյան պատվիրակության ղեկավար Դիանա
Մնացականյանը:
Էմմին Bravo.am-ին պատմեց, որ իրենց համար կարեւոր է բեմի "վիճակը”:
"Բեմի հատակը շատ հարթ պետք է լինի, որ պարողներին ոչինչ չխանգարի:
Էլեմենտներ կան` սղլիկ ու հարթ հատակ են պահանջում: Կազմակերպչական ուրիշ
հարցեր էլ կար. ուզում ենք 14-ին ամեն ինչ շատ լավ լինի: Ամեն օր փորձերի
մեջ ենք”:
Էմմին նշեց, որ իրենց դուետի հաղթելու շանսերը հիսուն-հիսուն են.
"Ուզում եմ` մեր երկրպագուները չզլանան եւ sms հաղորդագրություն ուղարկեն.
յուրաքանչյուր sms կարող է ճակատագրական լինել”:
"Դեռ խելոք են, որեւէ մեկը մյուսի մազերը չի պոկել”.Դիանա
Մնացականյան
Դիաննա Մնացականյանը շատ ուրախ է, որ այս տարի պայքարը թեժ է. "Տարբեր
խոսակցություններ կան, դրանից բարձրանում է մեր կազմակերպած շոուի
դիտողականության աստիճանը: Բայց դեռ խելոք են, որեւէ մեկը մյուսի մազերը չի
պոկել առայժմ, հուսով ենք` այս ամենը կանցնի-կգնա, որովհետեւ
շարունակելու են աշխատել այս երկրում, երգելու են այս հանդիսատեսի համար”:
Միհրանը հոգնել է. քանի օր է` չի հասցնում քնել. "Անցյալ գիշեր էլ
չքնեցի, որովհետեւ Ամերիկայում լիքը գործեր ունեմ. գիշերները դրանով եմ
զբաղվում, ցերեկները "Եվրատեսիլ”-ով”:
Պարող ու երգիչ Միհրանը ոչ մի կասկած չունի, որ հաղթելու են. "Էմմին ու
Միհրանը չեն պարտվի, եթե ամեն ինչ արդար լինի: Մենք գիտենք, որ բազմաթիվ
երկրպագուներ ունենք: Բոլորն ասում են, որ մեզ հետ են: Մեր ընկեր Ռազմիկ
Ամյանն էլ, որ մասնակիցներից է, իր ձայնը տալու է մեզ, մենք էլ` իրեն”
Նա նորից նշեց, որ մի ամիս առաջ է իմացել նախընտրական փուլի մասին: "Ինձ
ուրիշ ձեւ էին բացատրել, գիտեի` ինչ պատրաստում ենք Էմմիի հետ,
"Եվրատեսիլ”- ի համար է: Դրա համար էինք չորս-հինգ երգ պատրաստել, որ
ընտրեին մեկը: Թե չէ ժամանակ չէինք ծախսի` այդքան երգ ձայնագրելով: Կարծում
եմ` Էմմին գիտեր նախընտրական փուլի մասին, բայց մենք չէինք զրուցել դրա
մասին: Երբ իմացա, սկսեցի մտածել` արժի՞ մասնակցել: Բայց այնքան գործ էինք
արել, չուզեցի ջուրը գցել: Ցույց կտանք Հայաստանին` ինչ կարող ենք անել:
Ունենք լավ երգ, լավ շոու, երբ գնանք Օսլո, հազար անգամ ավելի լավը ցույց
կտանք”,- ասաց Միհրանը:
Ռազմիկ Ամյանն էլ է դրական տրամադրված. "Հույս ունեմ, որ նախընտրական
փուլում լավ կլինի ամեն ինչ: Իհարկե, ինչ խոսք, կուզեմ, որ ընտրվի երգս:
Տեսնենք` ինչ կստացվի”:
Այս ամենի մեջ կարող էր Սոֆի Մխեյանն էլ լինել, բայց երգչուհին
չցանկացավ: "Շատ ծանր աշխատանքային գրաֆիկ ունեմ: Bravo.am-ի հետ միշտ կապի
մեջ եմ, ընթերցողները գիտեն այդ մասին ու, դիտելով կայքի Celebrities
բաժինը, հասկացա, որ շատ են հետեւում իմ գործունեությանը”,- ասաց Սոֆին:
Երգչուհին նշեց, որ հաճելիորեն ուրախացած եւ զարմացած է: "Չէի սպասում,
էրեխեքը զանգահարեցին ու հրավիրեցին այստեղ: Բավական լուրջ, թեժ պայքար է
այս տարի: Բայց ինձ ուրախացրեց այն, որ մի քանիսը հավաքվել են իրար կողք,
թե ինչ են խոսում իրար հետեւից, դա, կարծում եմ, էական չէ: Կարեւորը ամեն
մեկն իր աշխատանքն է անում, ես էլ իրենց կողքին եմ եւ սիրով փետրվարի 14-ին
կհետեւեմ նախընտրական փուլին: Կդիտեմ այդ ամենը եւ նոր կունենամ հստակ
կարծիք: Բոլորը շատ տաղանդավոր են ու շատ տարբեր”,- ասաց Սոֆի Մխեյանը:
Սոֆին տասը մասնակիցներին էլ լսել է. "Հատուկ մի կողմ չեմ բռնի:
Դիվանագիտորեն կլինեմ ավելի ճիշտ: Միհրանի եւ Էմմիի երգն ուրիշ
զգացողությունների վրա է. աշխարհով մեկ հայտնի պրոֆեսիոնալ պարողներ ունեն,
Ռազմիկը փայլուն ձայնային տվյալներ ունի, տարբերվում է շատ, Եվա Ռիվասը
ընդհանրապես եվրոպական, հայկական մոտիվներով հետաքրքիր երգ է
ներկայացնում…”:
Ի դեպ, Սոֆի Մխեյանն այս տարի աշնանը Երեւանում մենահամերգով է հանդես
գալու: Իհարկե, Bravo.am-ն առաջինը ձեզ կտեղեկացնի մենահամերգի հետ կապված
բոլոր մանրամասներին:
"Եվրատեսիլ”- ով վարակվածներին տեղեկացնենք, որ սյսօր նկարահանվելու են
մեկ րոպե տեւողությամբ տեսանյութեր, մասնակիցները ողջունելու են
հանդիսատեսին, պատմելու են` ինչու են հատկապես այդ երգով ներկայանում,
23:00-ին էլ վիճակահանությունը կլինի:
|